ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշվում է, որ ատացված տեղեկությունների համաձայն` շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում օգոստոսի 9-ին: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
ՔԿ-ում տեղեկացնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ դիրքերից մեկում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։