Արմավիրի մարզում ապօրինի ավազահանք է բացահայտվել. արդյունահանվել է 39 մլն դրամի հանքանյութ

Երևանի բնակիչն օգտագործել է տարբեր տնտեսվարողներից վարձակալած տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, աշխատանքներն էլ իրականացրել է հիմնականում երեկոյան ժամերին։
Sputnik
Պետեկամուտների կոմիտեն հանքարդյունահանման ապօրինի դեպք է բացահայտել։ Ինչպես հայտնում են ՊԵԿ–ից, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից ապօրինի կերպով իրականացվել է ավազակոպճային խառնուրդի անօրինական արդյունահանում։
«Պարզվել է, որ Երևանի բնակիչ Մ.Ա.–ն Գետաշեն համայնքի տարածքում ձեռք է բերել 2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող և առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառման իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանում»,– ասվում է հաղորդագրությունում։
ՊԵԿ հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները պարզել են նաև, որ հանքարդյունահանման համար քաղաքացին օգտագործել է տարբեր տնտեսվարողներից վարձակալած տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, հնարավոր խնդիրներից խուսափելու համար աշխատանքներն իրականացրել է հիմնականում երեկոյան ժամերին ։
ՊԵԿ–ի բացահայտումից հետո Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը անօրինական հանքի տարածքում չափագրում է կատարել, պարզվել է, որ չհաշվառված տեղամասից արդյունահանվել է շուրջ 16 000 խմ ավազանման լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 39 միլիոն դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ՊԵԿ-ը բացահայտել է չգրանցված դեղերի վաճառքի դեպքեր