Ոստիկանությունը Հայաստանում 4 օտարերկրացու է կալանավորել, որոնք տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց են վաճառել Երևանում և որոշ մարզերում։ Տեղեկությունը հրապարակվել է ոստիկանության պաշտոնական կայքում։
«Թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվել են Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա մի տղամարդ և 31-ամյա մի կին, երկուսն էլ` օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի 10, «ԼԴՍ»-ի հինգ հաբ և մոտ 35 գրամ հաշիշ: Նույն կասկածանքով ևս երկու օտարերկրացիներ են ձերբակալվել», – ասված է հաղորդագրությունում։
Նրանց բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են համակարգիչներ, էլեկտրոնային կշեռք, դեղահաբեր, սրվակներ ու ներարկիչներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ կալանավորվել են։