Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրին

Պաշտպանների խոսքով` բոլոր հիմքերը կան, որպեսզի գործով դատավորը մեղադրական եզրակացությունը հետ ուղարկեր դատախազին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրին։
Մնացական Մարտիրոսյան
Պաշտպան Արմեն Անդրիկյանը խնդրեց դատավորին ժամանակ տրամադրել բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, դատավորն իր հերթին 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը ընդմիջումից հետո հայտարարեց, որ բացարկի հիմքեր կան։ Նա հիշեցրեց, որ դատարանին ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել և խնդրել չստանձնել վարույթ, քանի որ դրան նախորդած դատավարական գործողություններն ապօրինի են եղել։
Վարազդատ Հարությունյան
«Դատարանի կողմից նախորդ նիստում հնչեց կարծիք, որ վարույթային գործողություններն իրականացվել են պատշաճ, մինչդեռ մենք ներկայացրինք համապատասխան ապացույցներ, որում երևում է, որ գործով քննիչը կոպտորեն խախտել է քրեադատավարական օրենսգրքի պահանջները»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` գործով դատավորը պետք է մեղադրական եզրակացությունը հետ ուղարկեր դատախազին, որպեսզի վերջինս էլ իր լիազորությունների սահմաններում քայլեր ձեռնարկեր Չալաբյանի խախտված հիմնարար իրավունքի վերականգնման համար։
Փաստաբանը նշեց, որ թեև Չալաբյանը հրապարակավ չի հրաժարվել իր պաշտպաններից, այնուամենայնիվ դատարանը գործում հանրային պաշտպան է ներգրավել։
«Առաջին դատական նիստից հետո մենք արդեն ունեինք կանխակալ կարծիք, որ դատարանն անտեսելու է մեղադրական եզրակացությունում առկա խախտումները։ Ձեր գործողությունները ականջալուր չեն մեր խնդրանքներին, պահանջներին։ Տպավորություն է, որ դատարանը չունի նպատակ դատավարության շրջանակում լուծման ենթակա հարցերը իրապես լուծելու»,- ասաց Հարությունյանը։
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-ից
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։