Երևանում Իրանի քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․մեկը տեղում մահացել է

Շտապօգնությունը Երևանում. Արխիվային լուսանկար
Վրաերթի ենթարկված հետիոտներից մեկը հարվածի հետևանքով շպրտվել է հանդիպակաց ընթացող մեքենայի վրա և մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացի տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ըստ տեղեկությունների՝ նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են՝ 47-ամյա Ահմադ Ասկարի և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրի։ Հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայի վրա։ Վրաերթի հետևանքով 47-ամյա Ասկարին տեղում մահացել է, իսկ Մորադպուրին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Երկու ավտոմեքենաների վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ BMW X5-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):