ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այս տարվա շոգն առանձնանում է նախորդ տարվա շոգերից։ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հայտարարություն արեց Հանարային հեռուստաընկերության եթերում։
Նրա խոսքով` այս տարի ցերեկվա խիստ բարձր ջերմաստիճանից հետո բավական ակտիվ են լեռնահովտային քամիները։
«Լեռնահովտային քամիներն, իհարկե, մեր կլիմայական պայմաններին բնորոշ երևույթ են, պարզապես այս տարի առավել ցայտուն արտահայտված է։ Երեկոյան ժամը 6-7-ից հետո սառը և թարմ լեռնային օդը լեռնալանջերից հոսում է դեպի հովտային գոտիներ, մասնավորապես, Արարատյան դաշտ` իր մեջ ընդգրկելով նաև Երևանը։ Դրա արդյունքում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է»,-ասաց Սուրենյանը։
Նա ընդգծեց, որ դրա արդյունքում 1 ժամվա մեջ 40 աստիճան շոգից հետո ջերմաստիճանը կարող է իջնել 30-31 աստիճան։
Սուրենյանը հիշեցրեց, որ 2017-2018 թվականներին լեռնահովտային քամիները դադարել էին, և մինչև երեկոյան 8-ը 40-41 աստիճան ջերմաստիճանը պահպանվում էր, և այդ ժամանակ շոգը շատ ավելի անտանելի էր։
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին, հիդրոօդերևութաբանների կանխատեսմամբ, տեղումներ չեն սպասվում, բայց կդիտվի քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։