ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը դատական նիստից հետո կտրուկ վատացել է, շտապօգնության բրիգադը Վերմիշյանին տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստերի դահլիճում վատացել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, և դատական նիստն ընդմիջվել է:
Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իրենից` իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։