Մահացու վրաերթ «Հարսնաքարի» մոտ. վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Երեկ` հուլիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի»,–գրում է կայքը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երասխ-Երևան ճանապարհին վրաերթի են ենթարկել 17–ամյա աղջկա ու թողել անօգնական. նա մահացել է
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: