Աշխարհում կապիկի ծաղիկի ավելի քան 17 000 դեպք է գրանցվել. քանի՞ մարդ է մահացել

Լաբորատորիա
ԱՀԿ–ն հայտնել է, թե որքան է տևում հիվանդության գաղտնի շրջանը, ինչ է պետք անել ախտանշանների ի հայտ գալուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ամբողջ աշխարհի 80 երկրում հուլիսի 25-ի դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։
«Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում: Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև, որ վարակը փոխանցվի օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
Բժիշկը զգուշացրել, որ է կապիկի ծաղիկը կարող է որպես ալերգիա «քողարկվել»
Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղիկ հիվանդության դեմ:
Վարակը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:
Նախարարությունն ու ԱՀԿ–ն հորդորում են ճամփորդելիս մի քանի կանոն պահպանել.
խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,
խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց,
դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից:
Կապիկի ծաղիկը չափավոր ռիսկ է մոլորակի համար, բացի Եվրոպայից. ԱՀԿ