ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր նախատեսված ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Նիստի օրակարգում էր ընդդիմադիր 32 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:
ԱԺ–ն այսօր առավոտյան ժամը 10։30-ին խորհրդի նիստ էր գումարել, սակայն այն չկայացավ, քանի որ քվորում չկար։ Երկու ժամ անց կրկին պետք է փորձեին նիստ գումարել, սակայն նիստը համարվեց չկայացած, քանի որ կրկին քվորում չկար։
Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներն արձակուրդում են մեկ ամսով։
Հիշեցնենք` հուլիսի 11–ին հայտնի դարձավ, որ հնարավոր է` ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում Սահմանադրական դատարան դիմի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
ԱԺ կայքում հրապարակվել է նույն բովանդակությամբ 32 որոշման նախագիծ` ԱԺ ընդդիմադիր 32 պատգամավորների վերաբերյալ` բացառությամբ ընդդիմադիր խմբակցության կազմից դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի։
Հուլիսի 14-ին՝ խորհրդի առաջին նիստից հետո, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց` ՔՊ–ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Խորհրդի այսօրվա` երկրորդ նիստն արարողակարգային էր։
ԱԺ խորհրդում ընդգրկված է 16 անձ, և նիստը համարվում է կայացած, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։