Վրաերթ Աբովյան քաղաքում. 34-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հուլիսի 20-ին, ժամը 21:25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Լևոն Վարդանյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Նաղդալյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: