ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում են լուրը, թե Արագածոտնի մարզում թուրք զինվորականներ են հայտնվել։
«ԶԼՄ–ների տարածած տեղեկությունը, թե թուրք զինծառայողներն ապօրինի հատել են պետական սահմանը և հակաիրավական գործողություններ կատարել Արագածավանի բնակիչների նկատմամբ, չի համապատասխանում իրականությանը»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ–ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։
Մեզ վստահեցրին, որ ՀՀ պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով:
Նշենք, որ ժամեր առաջ 168.am-ը գրել էր, թե Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր մտել են գյուղ, ութ հովիվների իրենց անասուններով գերեվարել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին: Պարբերականը նաև նշել էր, որ զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ: