ՌԱԴԻՈ

Ադրբեջանը ՆԱՏՕ–ի հետ քաղաքական առևտուր է սկսել. ՀՀ–ի համար կարող է ռիսկային վիճակ ստեղծվել

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բրյուսելում նախատեսված Բայրամով–Ստոլտենբերգ հանդիպմանը։
Sputnik
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է ցույց տալ, թե արտաքնապես վարում է հավասարակշռված քաղաքականություն, բայց մյուս կողմից` եվրոպական գործընկերների և ՆԱՏՕ–ի հետ անընդհատ քննարկում է այլընտրանքային ծրագրեր, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։
Հայտնել ենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում հուլիսի 19-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման օրակարգի մասին չի հաղորդվում։ ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով:
«Եվրոպան փորձում է գտնել էներգակիրներ ստանալու այլընտրանքային տարբերակներ և հստակ հայտարարում է, որ այդ հարցում իր գլխավոր գործընկերներից մեկն Ադրբեջանն է, ուստի վերջինս իր հերթին փորձում է ամեն կերպ առաջընթաց ապահովել Եվրոպայի հետ հարաբերություններում, իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ–ի հետ փոխգործակցությանը, ապա պաշտոնական Բաքուն վերջին տարիներին Թուրքիայի միջոցով փորձում է ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքին, առավել ևս, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա կտրուկ մեծացել է»,– նշեց վերլուծաբանը։
Նրա խոսքով` որքան էլ ադրբեջանական կողմից հնչեն վիճահարույց հարցերի սուր կողմերը հարթեցնելու մասին հայտարարություններ, միևնույնն է, Թուրքիայի ռազմական ազդեցության մեծացումն Ադրբեջանում ուղղակիորեն նշանակում է նաև ՆԱՏՕ–ական ազդեցության մեծացում, քանի որ Թուրքիան դաշինքի երկրորդ պետությունն է բանակի թվաքանակով։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է. այն տևել է շուրջ 3 ժամ
Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջան–Եվրոպա փոխգործակցությունն ակտիվացնելով` Ադրբեջանը քաղաքական դիվիդենտներ չի՞ ստանա ի վնաս հայկական շահերի, առավել ևս, որ հայ–ադրբեջանական երկխոսության միջնորդներից մեկն էլ հանդիսանում է ԵՄ–ն, Հովհաննիսյանն ընդգծեց, որ առավել ևս 44-օրյա պատերազմից հետո նման մտավախություն կա, և Ադրբեջանն արդեն իսկ փորձում է քաղաքականությունն օգտագործել Եվրոպայի հետ առևտուր իրականացնելու համար, ինչից կարող են տուժել հայկական շահերը։
«Այդ քաղաքականությունը միտված է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում առևտուր անելուն, այսինքն` Ադրբեջանն ինչ–որ պահի ուժեղացնում է եվրոպական, ՆԱՏՕ–ական ուղղվածությունը, որպեսզի Ռուսաստանը ստիպված լինի որոշ հարցերում գնալ զիջումների։ Նման քաղաքականությունն առնչվում է նաև հայկական շահերին` ստեղծելով բավականին լուրջ ռիսկային իրավիճակ»,– հավելեց վերլուծաբանը։
Հովհաննիսյանը նշեց, որ չնայած Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 24-ին ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր (այն ենթադրում է, որ կողմերը միջազգային ասպարեզում չպետք է կատարեն գործողություններ, որոնք ուղղված են միմյանց դեմ), Ադրբեջանն ամենևին էլ իրեն չի դրսևորում որպես ՌԴ–ի դաշնակից։ Ավելին` ադրբեջանական մամուլը 90 տոկոսով իրականացնում է հակառուսական քարոզչություն։
ՆԱՏՕ–ում կշարունակեն Թուրքիային դրդել, որ խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար. արևելագետ
Հավելենք, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ–ի միջև հարաբերությունները սկզբնավորվել են 1992 թվականի մարտին, սակայն համագործակցության սկիզբ կարելի է համարել 1994 թվականի մայիսի 4-ը, երբ Բաքուն միացավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին։