Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը Թբիլիսիում
Կողմերը Թբիլիսիում չեն նշել հաջորդ երկկողմ հանդիպման օրը: Վրաստանում վստահեցնում են, որ պատրաստ են աջակցել բոլոր ձևաչափերով հարևանների միջև բանակցություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները չեն ավարտվել կոնկրետ արդյունքներով, սակայն երկու երկրների ներկայացուցիչների միջև ուղղակի երկխոսության նախադեպ է ստեղծվել: Նման կարծիք է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Միջազգային բանակցությունները միշտ չէ, որ մեկ փուլով կոնկրետ արդյունքներ են արձանագրում։ Այս դեպքն այդպիսին է»,- ասել է Դարչիաշվիլին։

Նրա խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են իրենց հուզող հարցերը։ Դարչիաշիվլին նշել է, որ ամուր հիմք է ստեղծվել այդ ձևաչափով բանակցությունները շարունակելու համար՝ սերտ համակարգման միջոցով: Վրաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ կողմերը կկարողանան լուծել հարցերը և պայմանավորվածություններ ձեռք բերել։
Դարչիաշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է ապագայում ևս նման հանդիպում կազմակերպել իր տարածքում և աջակցություն ցուցաբերել կոնկրետ հարցով:
«Մենք չենք խոսել ապագա հանդիպումների ժամկետների մասին։ Եթե անհրաժեշտություն առաջանա, որ նրանք ապագայում մեր երկիր ժամանեն ցանկացած ձևաչափով բանակցությունների համար, մեր կառավարությունը պատրաստ է ընդունել և աջակցել»,- ասել է նա։
Վրաստանի համար պատմական օր է նախարարն անվանել Թբիլիսիում կայացած հանդիպումը։ Նրա խոսքով՝ դա իրենց երկրի նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի վստահության մակարդակի ցուցիչ է։
Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունն ուրախ է, որ կարողացել է իրականացնել այս բացառիկ գործառույթը և վստահ է, որ այս երկխոսությունը ամուր հիմք է ստեղծում ապագայում բանակցությունները շարունակելու համար:

«Նպատակն այն է, որ մեր հարևան երկրներն այդ բանակցությունների արդյունքում կոնկրետ արդյունքների հասնեն։ Որ մենք բոլորս համատեղ համակարգման և շատ սերտ շփման միջոցով կարողանանք ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցին, Դարչիաշիվիլին նշել է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա դինամիկ համագործակցությունը, սերտ երկխոսությունն ու համակեցությունը, որն այսօր առանձնահատուկ նշանակություն ունի ընդհանուր մարտահրավերների համապատկերում:
Ղարիբաշվիլին ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես հասնել ընդհանուր համագործակցության՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար:
Կողմերը չեն քննարկել և չեն որոշել նշված ձևաչափով հաջորդ հանդիպման օրը:
Դրական քայլ է. Բլինկենը` Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպման մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը:
Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Կողմերն անդրադարձել են բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Քննարկվել է նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր են փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ։