Միակ բանը, ինչի համար ցավում եմ, որ մարդ է մահացել․ Արմեն Գրիգորյանին կալանք տված դատավոր

Դատավոր Արուսյակ Ալեքսանյան. Արխիվային լուսանկար
Դատավորը նշել է, որ խորապես ցավակցում է նրա հարազատներին և միակ բանը, որի համար ցավում է՝ որ մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Մայիսի 18-ից կալանավորված ու այսօր դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման որոշումը կայացրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Hraparak.am-ը հետաքրքրվել է դատավոր Ալեքսանյանից, թե ի՞նչ կարող է ասել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ, քանի որ համացանցում ուղղակի կամ անուղղակի կերպով հենց իրեն են մեղադրում նրա մահվան մեջ, քանի որ կալանքի որոշում է տվել քրեորեն ոչ պատժելի արարքի համար։
«Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մարդկանց ստվար խումբ կա, որ ոնց որ անընդհատ սպասի՝ ինչ-որ վատ բան լինի, որ էդ շքերթը սկսի, բայց դրա վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ինչ վերաբերում ա կալանքի օրինականությանը և հիմնավորվածությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որևէ փաստաթուղթ՝ բժշկական բնույթի կամ որևէ այլ բնույթի, որ հավաստեր, որ պարոն Գրիգորյանն ունեցել է որևէ տեսակի հիվանդություն, չի ներկայացվել։ Նույնիսկ բանավոր կերպով դատարանին նման տեղեկատվություն չի հայտնել»,-ասել է Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի մահվանը, դատավորը նշել է․ «Ես խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, և միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։
Պարբերականը հիշեցնում է, որ Արուսյակ Ալեքսանյանը կալանքի սանկցիաներ է տվել նաև Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Միկա Բադալյանի, Նարեկ Մանթաշյանի համար։
Հիշեցնենք` հասարակական գործիչ և կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Ներկաները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է նրա մահը։
Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։