Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ-ից Ավստրալիա ուղարկել 2.5 կգ ափիոն.ՊԵԿ

Քաղաքացին ափիոնը թաքցրել է բաճկոնների ներսի հատվածներում։
Sputnik
ՊԵԿ աշխատակիցները կանխել են 2.5 կիլոգրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն Ավստրալիա, տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ օրերս «ՀայՓոստի» փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացու անունից Հայաստանից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին:

«Զննման արդյունքում առաքանիում հայտնաբերվել է 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով 7 անթև բաճկոն: Դրանց ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել ափիոնով, որոնց քաշը կազմել է շուրջ 2,5 կգ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով` մաքսանենգության հատկանիշներով, նախապատրաստվել են նյութեր։