Զինծառայողն «ԱԿՄ» ինքնաձիգից իրեն մահացու հրազենային վիրավորում էր հասցրել. ՔԿ

Արխիվային լուսանկար
Նախաձեռնվել է քրեական վարույթ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։
Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), կազմվել է քննչական խումբ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին` ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։