ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանը հուլիսի 12-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ավելի վաղ Ենոքյանի մայրը ևս հաղորդում էր տվել այն մասին, որ ս.թ մարտի 6-ին, ժամը 13:00-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 10:20-ն ընկած ժամանկահատվածում, անհայտ անձն այրել է իրենց բնակարանի մուտքի դռան ներքևի հատվածը՝ պատճառելով գույքային վնաս:
ՔԿ–ն հայտնում է, որ երկու հաղորդումներով հարուցված քրեական վարույթները միացվել են մեկ քրգործում։ Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Թ.Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ բնապահպան ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանը մամուլում ու սոցկայքերում հայտարարել էր, որ իր և մոր նկատմամբ անհայտ անձը պարբերաբար մահափորձեր է կատարում։