ՊԵԿ-ը բացահայտել է Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի մի քանի դեպք: ՊԵԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ–ում գործող դեղատներում իրացվում են իմունոթերապիայի բուժման ժամանակ օգտագործվող, ՀՀ դեղերի գրանցամատյանում չգրանցված առանց տուփի դեղամիջոցներ։ Դրանց շուկայական գինը ՀՀ–ում տատանվում է 150 000-800 000 դրամի շրջանակում:
ՊԵԿ աշխատակիցները գնել են այդ դեղերը և հարցումներ կատարել առողջապահության նախարարություն, ինչպես նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Ստացված պատասխան գրություններից պարզվել է, որ ձեռք բերված ապրանքները գրանցված չեն ՀՀ դեղերի գրանցամատյանում: Կազմված արձանագրությունները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները՝ կից նյութերով, ուղարկվել են ՊԵԿ հետաքննության բաժին։
Տվյալ դեղերի իրական մատակարարների շրջանակը պարզելու նպատակով աշխատանքներ են կատարվում։
Նշենք, որ իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել են նաև հարկային օրենսգրքի 408 և 416 հոդվածների պահանջների խախտումներ, այն է՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու, ՀԴՄ սարք չունենալու, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման դեպքեր: