Ճապոնիայում մահափորձ է կատարվել երկրի նախկին վարչապետ Աբեի դեմ. վարչապետը վիրավոր է

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբե. Արխիվային լուսանկար
Նախկին վարչապետին անգիտակից վիճակում տեղափոխել են Նարայի համալսարանական հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա Նարա քաղաքի փողոցներից մեկում ելույթի ժամանակ հարձակում է տեղի ունեցել, քաղաքական գործիչը վիրավոր է: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Սինձո Աբեի վրա երկու անգամ կրակել են որսորդական հրացանից, նշվում է, որ նախնական տեղեկություններով` կրակողը նախկին ծովային հետևակ Տեցույա Յամգամին է։
Ականատեսների վկայությամբ՝ երկու կրակոց է եղել. Աբեն ընկել է երկրորդից հետո։ Չարագործը կրակել է հետևից։ Աբեն վիրավորվել է կրծքավանդակի շրջանում՝ ձախ կողմից։
Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորվելուց անմիջապես հետո Աբեն գիտակից է եղել, բայց հետո, տեղափոխման ժամանակ, նրա վիճակը ծայրահեղ ծանր է դարձել, գրանցվել է «սրտի և թոքերի աշխատանքի կանգ»։
Ներկա պահին Սինձո Աբեն գտնվում է Նարա պրեֆեկտուրայի Համալսարանական հիվանդանոցում։