Ո՞ր մարզում է դիտվում տեղումների առավելագույն քանակը. հուլիսի կլիմայական բնութագիրը

Առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ. հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիում` +43.7°C։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Տեղեկությունը հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` ներկայացնելով հուլիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։
«Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։ Առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ. հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիում` +43.7°C»,–ասվումէ հաղորդագրության մեջ։
Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի:
Տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ:
«Բիբլիական մասշտաբի ջրհեղեղներ». կլիմայական փոփոխություններն աշխարհը «ջրի տակ են առել»
Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։
Ի դեպ, 2016թ. հուլիսի 10-ին Արմավիրի մարզում մոտ 30 րոպե տևողությամբ դիտվել է ուժգին կարկտահարություն, ինչը համարվում է ամենաինտենսիվը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։