ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Արմենիա» բժշկական կենտրոնում դատապարտյալ է մահացել, որն ապրիլի 7-ից հացադուլի մեջ էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Քաղաքացի Ա․Մ․-ն 2022 թվականի ապրիլի 7-ին է «Արմավիր» ՔԿՀ մուտք գործել։
«Հիմնարկ տեղափոխվելու առաջին իսկ օրից հայտարարել է հացադուլ։ Մայիսի 3-ին նրան տեղափոխել են «Սևան» ՔԿՀ, իսկ մայիսի 26-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Դատապարտյալին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից պարբերաբար տարել են քաղաքացիական հիվանդանոց։ Նա հացադուլի ողջ ընթացքում գտնվել է «Արմավիր», «Սևան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի մշտական վերահսկողության տակ»,–ասացին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Ա․ Մ․-ն հացադուլ էր հայտարարել առանց իր ներկայության դատարանի վճիռ կայացնելու և դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով։
Դատապարտյալի հետ իրականացվել են բացատրական, հոգեբանական, խորհրդատվական, իրավական և սոցիալական բնույթի աշխատանքներ հացադուլի և բժշկական օգնությունից հրաժարվելու բացասական հետևանքների վերաբերյալ։
Նրան բացատրել են, որ բարձրացված հարցերը քրեակատարողական ծառայության իրավասության և լիազորությունների սահմաններից դուրս են։ Սակայն նա չի դադարեցրել հացադուլը։
Դատապարտյալը հունիսի 12-ին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 28-ին ՝ ժամը 04։30-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը։