ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ընդդիմության մանդատների հարցը իշխող քաղաքական ուժը կքննարկի առաջիկա օրերին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հայտարարությանը, թե հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա։
«Մի հատ խմբակցությունով կքննարկենք, հետո վարչությունով` արդյոք արժե՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժե, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է»,- նշեց Սիմոնյանը։
Նա հայտնեց, որ ներկա պահին կա երկու կարծիք` մի մասը համարում է, որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն զրկել է մանդատներից, երկրորդ կարծիքը, ըստ Սիմոնյանի, այն է, որ հարկավոր է մինչև վերջ «մաշեցնել» այն, ինչ ընդդիմությունն արդեն սկսել է։
Սիմոնյանի խոսքով` ԱԺ ընդդիմության շարքերում ներկա պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլ են տալիս նրանց մանդատներից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Սիմոնյանը նշեց` այդ շարքում է եղել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱԺ նախագահը չբացառեց, որ Վանեցյանը հենց այդ գործընթացից խուսափելու համար էլ որոշել է նախօրոք հրաժարվել մանդատից։
Նա նշեց, որ հնարավոր է` իշխանությունը վտանգավոր շեմն անցած ոչ բոլոր պատգամավորների հարցով դիմի ՍԴ։
«Եթե քննարկենք դա, որոշ մարդկանց մասով գուցե ՍԴ չդիմելու քաղաքական որոշում կայացվի»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու վերաբերյալ որոշում դեռ չկա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ գոյություն ունի ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, ինչի հիմքում դրված է 1 նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելը։ Ըստ Փաշինյանի` եթե ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, ապա հարկ կլինի դիմել ՍԴ` վերջնական որոշում կայացնելու համար։
Մայիսի 1-ից, երբ մայրաքաղաքում սկսվեցին «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաները, ընդդիմադիր պատգամավորները գրեթե չեն մասնակցել ԱԺ նիստերին։