ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողների ու 1988-ի երկրաշարժից հետո առ այսօր անօթևան մնացած ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ 9-հարկանի երկու բնակելի շենք կկառուցվի Գյումրիում։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ստորագրած որոշման համաձայն` բարեգործական ծրագրի ամբողջական արժեքը գնահատվել է 2 046 398 492 դրամ։
Շինարարական աշխատանքները կիրականացնի «Ախուրյան Կոոպշին» ՍՊԸ-ն, որի հետ համապատասխան պայմանագիր է կնքվել 2022 թվականի մայիսի 11-ին։
Ըստ որոշման` նոր շենքերը կկառուցվեն Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում։
«Շենքային համալիրը կկառուցվի Գյումրիում բնակվող` 44-օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողների ու երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող այն ընտանիքների համար, որոնք երբևէ փոխհատուցում չեն ստացել երկրաշարժի ժամանակ կորցրած իրենց տների դիմաց»,- ասված է փաստաթղթում։
Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2022 թ. հունիսի 17-ին, ավարտը` 2024թ. մարտի 29-ին։