ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի ներկայացրած բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ասլանյանը։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով հղի կնոջ էր վրաերթի ենթարկել։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։
Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, բայց հետո ստորագրությամբ ազատ էր արձակվել։
Մայիսի 12-ին նա նորից ձերբակալվել էր, հաջորդ օրը` ազատ արձակվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մայիսի 30-ին դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նրան կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։
ՃՈ ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։