«ԼՂ խնդրի կարգավորման հիմքում բացառապես եռակողմ հայտարարություններն են». Սերգեյ Լավրով

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳ նախարարի համոզմամբ, բոլոր այն աշխատանքները, որ տարիներ շարունակ արվել են` առանց շոշափելի արդյունքի, 2020թ-ի սեպտեմբեր- նոյեմբերի իրադարձություններից հետո մնացել են հետևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. ԵԱՀԿ ՄԽ-ն դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։
Այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը` պատասխանելով լրագողների հարցերին։

«Մենք այդ հարցը չենք քննարկել, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Բայց հակամարտությանը հաջորդած կարգավորման գործընթացը մենք, իհարկե, քննարկել ենք։ Եվ այդ նոր գործընթացների հիմքը ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ երեք հայտարարություններն են»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա մեկնաբանմամբ` բոլոր այն աշխատանքները, որոնք տարիներ շարունակ արվել են առանց շոշափելի արդյունքի, 2020թ-ի սեպտեմբեր-նոյեմբերի իրադարձություններից հետո մնացել են հետևում։ Կարգավորման հիմքում, նրա խոսքով, այօր բացառապես եռակողմ հայտարարություններն են։
Նախկինում իրականացված քննարկումներից այսօր, ըստ Լավրովի, արդիական է մնում միայն վերջնական նպատակը, այն է` «ազատել Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծել Ղարաբաղի ու Ղարաբաղի բնակչության կենսապահովման խնդիրը»։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս հայտարարեց, որ 2022թ-ի փետրվարից, հայտնի իրադարձությունների հետևանքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը վերջանականապես դադարեցրել է աշխատանքը։
«Մեզ համար առաջնահերթը խաղաղությունն է տարածաշրջանում, ու այս տեսանկյունից գործընթացը չի կարող ձևաչափի պատանդը լինել»,- ասել է Բայրամովը։
Նշենք, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները եռակողմ երեք հայտարարություն են ընդունել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին ու 2021 թ. նոյեմբերի 26-ին։