Լրտեսության մեջ կասկածվող կինը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել. «Հրապարակ»

Նա 1 տարվա ընթացքում 2 անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ պայմանավորվել է ամենամսյա վարձատրության շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում լրտեսության մեջ կասկածվող կինը եղել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության աշխատակից։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Նշենք, որ մի քանի օր առաջ էր Արցախի ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածել, որ հերթական լրտեսության գործն է բացահայտել։ Հայտնել էին, որ 2021 թվականի մայիսից օտարերկրյա հատուկ ծառայություններին ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկությունները հաղորդել է Արցախի քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.–ն։
Օրաթերթի տեղեկություններով` նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղևորությանը։
«Ինքնաթիռի տոմսը գնվելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվային` այդ այցի կապակցությամբ։ Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկությունը»,– գրում է թերթը։
«Հրապարակը» նաև հայտնում է, որ նա 1 տարվա ընթացքում 2 անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ գումարներ և նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն` կինը պարբերաբար օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին տարբեր տեղեկություններ հայտնելով Կիևում ստացել է 400 ԱՄՆ դոլար ու թանկարժեք օծանելիք և պայմանավորվածություն ձեռք բերել ամսական 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց շարունակել տրամադրել նրանց հետաքրքրող տեղեկություններ։
Թբիլիսիում էլ ստացել է 1500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև թանկարժեք նվերներ` օծանելիք, պայուսակ և Iphone 11 մոդելի հեռախոս, որում տեղադրված էր հատուկ ծրագիր, որի միջոցով վերջինս հետագա համագործակցության ընթացքում փոխանցել է նրանց առաջադրանքով հավաքած տեղեկությունները: Կինը Վրաստանում նաև համագործակցելու պարտավորագիր է ստորագրել։