Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքներն անելու համար համաձայնագիր է ստորագրվել

Համաձայնագրի ստորագրման արարողությունը կայացել է Սանկտ Պետերբուրգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

«Սանկտ Պետերբուրգում ներկա եմ գտնվել այդ համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքները»,- գրել է Ավինյանը։

Նա ընդգծել է, որ քայլ առ քայլ իրագործում են խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը:
Հիշեցնենք` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի երկայնքով: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։
554 մլն դրամ կհատկացվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների համար
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել: