Մեղրիի ճանապարհին բախվել են «Nissan Teana»–ն և «KamAZ» մակնիշի ավտոբաքը. զոհ կա

Մարդատարի վարորդը հոսպիտալացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Զառիթափ գյուղի խաչմերուկում, այսօր բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի ավտոբաքը, մարդատարի ուղևորը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՃՏՊ–ի մասին ահազանգը Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` հունիսի 14-ին, ժամը 14։53-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Nissan Teana» (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001 թ․) մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի ավտոբաքը, ինչի հետևանքով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայք քաղաքի ԲԿ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ուղևորի դին։
Վթար Գեղարքունիքում. բախվել են ԱՄՆ և ՌԴ քաղաքացիների մեքենաները