Կատարի ազգային գրադարանում բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ ՀՀ-ից» ցուցադրությունը

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատարի Պետություն ավարտվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ։ Դրանք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։
Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։

«Փաշինյանը նշել է, որ ցուցանմուշները հայ-արաբական բազմադարյա բարեկամական կապերի ևս մեկ վկայությունն են, որոնք մեծապես կհետաքրքրեն ինչպես տեղացիներին, այնպես էլ այստեղ այցելող զբոսաշրջիկներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատար ավարտվել է:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Կատարի Պետություն: