ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հորդորում է հանգստի մեկնել պատրաստվող քաղաքացիներին հնարավորինս ուշադիր լինել տուրիստական գործակալությունների և դրանցից փաթեթներ ձեռք բերելու հարցում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը ներկայացրել է այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի սիրահարներին: Ոստիկանությունը շեշտում է, որ առաջին հայացքից դժվար է հստակ տարբերել, թե տուրիստական որ ընկերությունն է ազնվորեն վաստակում իր փողը, և որի առաջարկն է խայծ:
«Թացը չորից տարբերելուն նպաստող առաջին և գլխավոր ցուցիչն ավիատոմսի և հյուրանոցի վաուչերի բացահայտ էժան գինն է: Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ, կուլ տալով էժանության խայծը, մեր քաղաքացիները կորցրել են կլորիկ գումարներ»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչև վճարում կատարելը գերատեսչությունը հորդորում է տուրիստական ընկերությունից պահանջել պայմանագիր, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինի կազմակերպված հանգստի յուրաքանչյուր կետը, նաև մանրամասներ հյուրանոցի ու ավիատոմսի մասին։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ էլ հանգամանորեն պետք է ծանոթանալ բոլոր կետերին։
Այդ գործողություններից հետո անհրաժեշտ է ստուգել ավիատոմսի կեղծ չլինելը՝ այցելելով checkmytrip.com կայք։ Հյուրանոցի վաուչերի իսկությունը ստուգելու համար է պետք է զանգել հյուրանոց և ճշտել` նշված օրերի համար ձեր անձի տվյալներով հյուրանոցի համար ամրագրվա՞ծ է։
Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին կասկածելի որևէ բան նկատելիս անպայման դիմել իրավապահներին: