ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում «Buissup Global Forum» խորագրով միջոցառում կանցկացվի։ Այդ մասին հայտարարվեց այսօր Երևանում կայացած «Բիզնես. հաջորդ կայարան» թեմայով «Buissup Conference»–ի ժամանակ:
Միջոցառման կազմակերպիչը Հայ գործարարների ասոցիացիան է՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Այսօրվա համաժողովին ավելի քան 1300 մարդ էր մասնակցում, այդ թվում՝ ՏՏ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի ոլորտների 150 մասնագետներ Ռուսաստանից:
«Մեզ համար շատ կարևոր է, որ բիզնես կառույցների ներկայացուցիչներին չսահմանափակեն ոլորտների հարցում, որ ավելի շատ նախագծեր ընդգրկվեն ու հետագայում լավագույններից լավագույններն ընտրվեն: Մեր միջոցառումների արդյունքը լինելու է սեպտեմբերի 20-ին Հայկական բիզնես-ֆորումում ներկայացվելիք նախագծերի սեփականատերերի ու հիմնադիրների հետ ներդրումային պայմանագրերի կնքումը»,-ասաց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:
Հայ գործարարների ասոցիացիան անցած տարվա ընթացքում 1,2 մլն դոլարի 9 նախագիծ է ֆինանսավորել, որոնցում ներգրավված են նաև Հայաստան ժամանած ռուսաստանցի մասնագետները։
«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանն իր հերթին նշեց, որ ավանդական բիզնեսն այսօր նորարարական տեխնոլոգիաների ներդրման կարիք ունի:
Նրա խոսքով՝ օդապարիկներ արձակած սերնդին փոխարինել է անօդաչու թռչող սարքեր արձակող սերունդը։
Աբովյանը նշեց, որ երիտասարդ նորարարներին նոր հաջողությունների հասնելու հարցում օգնում է ավագ սերունդը, ընդ որում` ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյահոգեբանական: Նա ավելացրեց, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ կարող էին միավորվել հետաքրքիր, նորարարական գաղափարների երիտասարդ հեղինակները և արդեն կայացած գործարարները: