Ինչու է մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանը ավելի քան մեկ ժամ փակ եղել. պարզաբանում

Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան
Ընդդիմությունը հայտնել էր, որ իշխանությունը փակել է մետրոյի կայարանը, որպեսզի մարդիկ չկարողանան հասնել նախագահական նստավայրի մոտ կազմակերպված բողոքի ակցիային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը 1 ժամ 20 րոպե փակ է եղել։
«Ժամը 09։30-ից մինչև 10։50-ը, «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,– տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ժամը 10։00-ին ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասել էին Բաղրամյան 26` բարձրաձայնելու, որ ներկայիս իշխանությունը չունի լեգիտիմություն, որպեսզի Հայաստանի կամ Արցախի հետ կապված որևէ համաձայնության գա։
Երթի մասնակիցները չէին կարողացել մոտենալ նախագահի նստավայրին, քանի որ ոստիկանները պատ էին կազմել հարակից տարածքում։
Շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը հայտնել էր` մետրոն նույնպես փակել են և թույլ չեն տալիս, որ մարդիկ իջնեն նախագահի նստավայրի մոտ։