Մոսկվայում սպանված գործարարին փնտրում էր ՀՀ ոստիկանությունը. սպանության կադրերը

Գործարարի սպանության կադրերը հայտնվել են համացանցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Գործարար Հովհաննես Քամարյանի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
Բացի այդ, պարզվել է, որ ինքը` սպանված Քամարյանը, հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից։
«Հովհաննես Քամարյանն է, նրան փնտրում էր Հայաստանի ոստիկանությունը 35-104 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (շահադիտական նպատակներով սպանության նախապատրաստում)», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ Մոսկվայի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով։
ԶԼՄ–ների տվյալներով` Կոմսոմոլսկի պողոտայում՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ, մարդասպանը կրակել է Քամարյանի մեջքին և գլխին։ Նշվում էր, որ ձեռնարկատերը կապ է ունեցել խորհրդատվական ընկերությունների հետ։
Մոսկվայի ՔԿ–ն քրեական գործ էր հարուցել սպանության փաստով։ Կոմիտեի տվյալներով` սպանվածը 1960 թվականին ծնված տղամարդ է, նրա մարմինը հայտնաբերել են հունիսի 2-ի երեկոյան Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի տան բակում։