ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայ արտահանողները կորուստներ են կրում ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման պատճառով, և շուտով նրանք լուրջ խնդիրների առջև կարող են կանգնել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն Կարեն Խաչիկյանը։
Խաչիկյանի հաշվարկներով` վերջին ամսվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 15%-ով։ Նրա համար հասկանալի չեն դրա պատճառները, քանի որ երկրում վերջին ամսվա ընթացքում տնտեսական ակտիվությունն այդքան էլ չի աճել, բացի այդ, երկիր այդքան շատ արժույթ չի մտել, որ դրամի փոխարժեքն էապես բարձրանա։
Գործարարը չի բացառում, որ արժևորումը արհեստածին է, և ազգային արժույթի փոխարժեքը կարելի է կայունացնել։
Բացի այդ, արտահանողները ստիպված կլինեն շահութահարկ վճարել, թեև վնասներ են կրում։ Բանն այն է, որ հաշիվ-ապրանքագրերում նշվում է ապրանքի արժութային արժեքը, իսկ դրամի փոխարժեքը հաշվի չի առնվում, և փաստաթղթերով ստացվում է, որ գործարարները շահույթ են ստանում, ինչն իրականում այդպես չէ։
Գործարարը չի բացառում, որ ընկերություններից մի քանիսը ստիպված կլինեն կրճատել աշխատատեղերն ու ծախսերը։ Նրա խոսքով` գործարարները դեռ պետական մարմիններին կամ ԿԲ չեն դիմել, սակայն հույս ունեն, որ խնդիրը շուտով կլուծվի։
«ԱրմԲազալտ» ընկերության հիմնադիր Սոկրատ Գրիգորյանն իր հերթին պատմեց, որ դեռ 2014 թվականին է վնաս կրել և գրեթե զրկվում էր գործարանից՝ արժույթների անկայուն փոխարժեքի պատճառով։
Մասնավորապես, նա Ռուսաստան բազալտե մանրաթել էր արտահանում, և ռուբլու արժեզրկման հետևանքով ստիպված եղավ պարտքեր կուտակել։ Հետագայում հաջողվեց աստիճանաբար վերականգնել գործարանի աշխատանքը, բայց միջազգային շուկայում նոր արտադրողներ հայտնվեցին, որոնք կարող են դուրս մղել հայկական արտադրանքը։
Ընկերության ղեկավարը կարծում է, որ 1-3%-ի մակարդակում փոխարժեքի տատանումներն ընդունելի են, սակայն ներկայիս 15% ցուցանիշն էապես ազդում է արտահանման վրա, և անհրաժեշտ է արագ կերպով արձագանքել իրավիճակին։
Գրիգորյանը կարծում է, որ պետությունն անհրաժեշտության դեպքում պետք է ներդրումներ կատարի առաջնահերթ ոլորտներում և հայկական արտադրանքին օգնի պահպանել մրցունակությունը։