ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանի` թշնամու գնդակից վիրավորվելու և մահվան դեպքով։
Նշենք, որ Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել էր հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ մայիս 29-ին, ժամը 03:47-ին արձանագրվել է նրա մահը:
Աբրահամյանը գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որոնք ներկայացնում են Դավիթ Վարդանյանին խոցելու պահը։ Ըստ Աբրահամյանի՝ Վարդանյանը վիրավորումը ստացել է, երբ գտնվում էր վրանում։
«Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար, մեր զինծառայողների կացարանն է։ Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասացին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում (առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում), հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։ Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ի՞նչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում»,- գրել է պատգամավորը։
Իր հերթին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, նշել է, որ տղան զոհվել է, քանի որ քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ:
«Պատկերացրե՛ք՝ ինչքան արյուն կորցրած կլինի ճանապարհին, մինչդեռ վիրավորված է եղել ընդամենը ոտքից, հանգիստ պիտի փրկեին...Անմխիթար ճանապարհներ, հերթապահ մեքենա չկա հեռու դիրքերում....Ո՞նց, ո՞նց կարող եք այսքան դաժան վարվել սեփական ժողովրդի հետ...»,- գրել է նա։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) նախատեսված հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: