ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի բնակելի շենքերում դեռ կա 43 աղբատար, դա ընդհանուր աղբատարների ընդամենը 2%-ն է կազմում։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավորական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
Համեմատության համար նշենք, որ դեռ փետրվարին բաց աղբատարների ընդհանուր թիվը 255 էր։ Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել են դրանցից 212–ը։
Իսկ անցած շաբաթվա ընթացքում փակվել է 7 աղբատար, 5-ը Արաբկիրում, 2-ը՝ Կենտրոնում։
Այժմ Արաբկիր վարչական շրջանում կա 17 գործող աղբատար, Կենտրոնում՝ 23, Նոր Նորքում՝ 2, Քանաքեռ Զեյթունում՝ 1։
Հիշեցնենք, որ Երևանում կա ընդամենը 3691 աղբատար։ Երևանի բնակելի շենքերի աղբատարների փակման գործընթացը սկսվել է 2020 թվականից։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ բոլոր աղբատարները պետք է փակվեն, քանի որ դրանց շահագործումը բարենպաստ պայմաններ է ստեղծում միջատների, առնետների բազմացման համար, բացի այդ, գարշահոտություն է տարածվում ու հաճախ խցանվում են:
Փակելուց առաջ աղբատարները մաքրվում և մշակվում են հատուկ նյութերով։