Վիրավորում ստացած զինվորը մահացել է. ՊՆ

Բժիշկներին չի հաջողվել փրկել թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Դավիթ Վարդանյանի կյանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինվորի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հայտնել էինք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը:
«Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՊՆ–ն հայտնել էր` պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: