ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր Արթուր Բազեյանը (57 կգ քաշային կարգ), քառորդ եզրափակիչում միավորներով հաղթելով թուրք Բաթուհան Չիտֆչիին, ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։
Առաջին և երկու ռաունդներում Բազեյանի ու Չիտֆչիի միջև հավասար մենամարտ ընթացավ։ Այդ ռաունդներից հետո պարզ էր, որ հաղթանակ կտանի այն բռնցքամարտիկը, որը կհաղթի երրորդ ռաունդում։ Եվ երրորդ ռաունդում Բազեյանը մաքսիմալ ակտիվություն դրսևորեց` երբեմն նաև դիմելով բաց բռնցքամարտում հարվածների փոխանակման։ Եվ այս տակտիկան տվեց իր պտուղները։
Ճիշտ է, թուրք բռնցքամարտիկին որոշ դրվագներում հաջողվեց պատասխան հարված հասցնել, բայց արդյունավետ հարվածների քանակը, ըստ մրցավարների, Բազեյանի կողմն էր։ Հաղթելով թուրք բռնցքամարտիկին` Արթուր Բազեյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ` միևնույն ժամանակ ապահովելով բրոնզե մեդալը։
Քառորդ եզրափակիչում արդեն հանդես եկած հայաստանցի վեց բռնցքամարտիկներից հաղթանակ են տոնել միայն Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը։ Դավիթ Չալոյան- Այուբ Ղադֆա մենամարտի արդյունքը բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի կողմից բողոքարկվել է, և չի բացառվում, որ այն բավարարվի։ Այս փուլում ունենք ևս երկու մասնակից՝ Գուրգեն Մադոյանը(67 կգ), մենամարտելու է Վրաստանից Լաշա Գուրուլիի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանի(86 կգ) մրցակիցն է լինելու բելգիացի Վիկտոր Շելեստրաետեն, և Նարեկ Մանասյանը (92 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրն է վիճարկելու հայազգի, Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: