ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակել են նաև ՀՀ Անվտանգության խորհրդի շենքը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին։
«Նախօրոք սահմանված ժամանակ չկա, թե որքան պետք է շրջափակված մնան մուտքերը, շրջափակում ենք այնքան, որքան ցանկանում է ժողովուրդը։ Մեր այսօրվա ակցիայի նպատակը պարզ է և հստակ` մեր պայքարը սկսելու առաջին օրվանից ասել ենք` բոլոր այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը` պետք է շրջափակվեն, խոչընդոտելու ենք իրենց գործունեությունը»,- նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` նախագահականն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը ոչ մի առնչություն չունեն պետական պաշտպանության և երկրի հետ, քանի որ, ըստ Սաղաթելյանի, Խաչատուրյանը ՔՊ-ի ներկայացուցիչն է։
Արդեն 1 ժամից ավելի է, ինչ փակ են նաև ՀՀ նախագահի նստավայրի բոլոր մուտքերն ու ելքերը։
Նշենք, որ ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս պահին երկրում չէ, նա Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։
Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտ շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որն ուզում են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 24-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Վազգեն Սարգսյան փողոց, որտեղ շրջափակեցին ԱԳՆ շենքը` հայաստանյան դիվանագետներից պահանջելով գործել իր շահ Հայաստանի ու Արցախի։