«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից

Երեկոյան հանրահավաքը նախատեսված է ժամը 19-ին՝ Էրեբունի վարչական շրջանում, Սասունցի Դավթի արձանի մոտ։
Sputnik
«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Աբովյան փողոց։
Երթի առաջին շարքերում «Դիմադրության» ղեկավարներից Իշխան Սաղաթելյանն է, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ընդդիմադիր պատգամավորներ։
Հիշեցնենք՝ ընդդիմադիրները կոչ էին արել այսօր առավոտյան ժամը 8-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Երեկոյան հանրահավաքը նախատեսված է ժամը 19-ին՝ Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի արձանի մոտ։
Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։