Ադրբեջանցի մարզիկները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, բայց չի ստացվել. Ադամյան

Աշոտ Ադամյանի խոսքով` թուրք և ադրբեջանցի մարզիկներն իրենց պահվածքով նրան շեղել չեն կարողացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի մրցման ընթացքում թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել։ Ադամյանն այդ մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Ադամյանի խոսքով` թուրք և ադրբեջանցի մարզիկների պահվածքը նրան չի շեղել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել:

Մարզիկը նշել է նաև, որ սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում, և սա առաջին անգամ էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն նկատառմանը, թե արդյոք սա նրա վերջնակա՞ն քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջևում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ։

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է Եվրոպայի առաջնությամբ, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի՝ ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երևալ և ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին: Վերջինս տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր պետական հիմնով և հաղթանակով:
Հայտնել էինք, որ Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։