Բողոքի ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանում. գնացքները շուրջ 20 րոպե կանգնած են մնացել

Ակտիվիստները քաղաքացիներին կոչ էին անում միանալ ընդդիմադիր շարժմանը։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Sputnik
Ընդդիմության անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել են Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Մետրոյի «Երիտասարդական» կայարանում ակցիայի մասնակիցները խոչընդոտել են գնացքների բնականոն երթևեկությունը` նստելով ու կանգնելով միաժամանակ երկու ուղղություններով ընթացող գնացքների դռների միջև։ Արդյունքում մեքենավարները չեն կարողացել փակել դռներն ու վարել գնացքները։
Այդ ընթացքում ակտիվիստները քաղաքացիներին կոչ էին անում միանալ ընդդիմադիր շարժմանը` վանկարկելով «առանց թուրքի Հայաստան»։
Երկու գնացքները շուրջ 20 րոպե շարունակ մնացին կայարանում կանգնած, մինչև որ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Երևանի մետրոպոլիտենն էլ հայտարարություն է տարածել` նշելով, որ այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։