Ոստիկանները բերման ենթարկեցին Լևոն Քոչարյանին

Երևանի տարբեր վարչական շրջաններում ընդդիմադիրները վաղ առավոտից վերսկսել են բողոքի ակցիաները։
Sputnik
Ոստիկանությունը բերման է ենթարկում «Դիմադրություն» շարժման անդամներին, որոնք անհնազանդության և բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր վարչական շրջաններում։
Նրանց թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, որին բերման ենթարկեցին Հանրապետության փողոցից։
Նա իր Telegram-ալիքում գրել է. «Ինձ բերման ենթարկեցին: Չե՛նք ընկճվում, չե՛նք նահանջում, շարունակում ենք»։
Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։