Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն է ակնկալում։ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպմանը։
Անդրադառնալով կառույցի հիմքում ընկած արագ արձագանքման մեխանիզմներին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամային իրավիճակի կանխարգելման համար գործի դրվեն համապատասխան մեխանիզմները։
«Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Երևանը»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով` Հայաստանը երկար ժամանակ բարձրացրել է մի խնդիր, որը կապված է ՀԱՊԿ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Այդ զենքերն ի վերջո օգտագործվեցին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Կառավարության ղեկավարը նաև հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ որոշ անդամների պահվածքն այնքան էլ չի ուրախացրել Հայաստանին:
Միաժամանակ նա ընդգծեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը 44–օրյա պատերազմի դադարեցման գործում։ Այս համատեքստում վարչապետը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկա պահին նախագահում է ՀԱՊԿ-ում։
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: