ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հանդիպել են և երկար զրուցել պայքարի հետագա ընթացքի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականն ավելի վաղ գրել էր` քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել և ասպարեզը չեն զիջել իրենց շրջանակից դուրս մի անձի` վարչապետի թեկնածուին, շարժումը նոր թափ չի ստանա։
«Թե ինչ են պայմանավորվել երկու նախկին կամ ներկա զինակիցները, նրանց թիմերում անտեղյակ էին։ Ոմանց կարծիքով՝ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ: Ոմանք դրա ապացույցն էին համարում Արթուր Վանեցյանի՝ նախօրեին հնչեցրած որոշ խոսքեր, մասնավորապես` Արման Թաթոյանին ուղղված խոսքը՝ եթե նա ուզում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է գա Ֆրանսիայի հրապարակ կամ որևէ այլ տեղից սկսի գործունեությունը` հաստատելով կամ հերքելով իր հավակնությունները»,- գրում է թերթը:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։