Փաշինյանը տեղյակ չի եղել` ինչ է կատարվել. ՄԻՊ-ը՝ հղի կնոջ վրաերթի մասին

Քրիստինե Գրիգորյանի կարծիքով` եթե Հայաստանի վարչապետը իմանար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կկանգնեցներ ավտոշարասյունը և դուրս կգար մեքենայից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով 29-ամյա հղի կին է մահացել։

«Ես հետաքրքրվել եմ, և ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։ Եթե հիշում եք` ավտոշարասյունը շատ մեծ արագությամբ էր անցնում»,-ասաց Գրիգորյանը։

Նա կրկին հիշեցրեց, որ չկա որևէ օրենք, որով ոստիկանը պետք է չկանգնի և լքի վթարի վայրը։
Հավելենք, որ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի վարորդը, որը մահացու վրաերթի էր ենթարկել երիտասարդ հղի կնոջը` Սոնա Մնացականյանին, ազատության մեջ է։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, բայց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։