Աբովյան քաղաքի հանրակացարանում դանակահարված 45-ամյա տղամարդը մահացել է

Իրավապահները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է ծանոթի բնակարանում՝ հերթական գինարբուքի ժամանակ:
Sputnik
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի էլեկտրատեխնիկումի հանրակացարանում դանակահարված և «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 45-ամյա տղամարդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մայիսի 7-ին, կեսգիշերից քիչ անց, դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից։
Նշվում է, որ տուժածի վիճակը ծանր է եղել ու նա ի վիճակի չի եղել որևէ բան հայտնել:
«Երեկ` մայիսի 10-ին, դանակահարված տղամարդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է»,- հայտնում են ոստիկանությունից:
Իրավապահները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է ծանոթի բնակարանում՝ հերթական գինարբուքի ժամանակ:
Վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով նրան խփել էր Աբովյանի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:
Ահազանգից երկու ժամ անց կասկածվողը հայտնաբերվել է ու բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Դանակահարողը կալանավորված է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։