Ընդդիմությունը 4 ուղղություններով սկսեց իր ակցիաները Երևանում։
Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկած երթն առաջնորդում են ՀՀԿ-ականները։
Րաֆֆու փողոցից` Անդրանիկի արձանի մոտից, երթն առաջ են տանում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից մեկնարկած երթի առաջնորդը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է։ Իսկ 15-րդ թաղամասից` Չաուշի արձանի մոտից, մեկնարկած երթը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանն է գլխավորում։
Հավելենք, որ այսօր ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։