Լավ էր՝ դանակը ձեռքս էր. Օհանավանի ձորում արջն իր քոթոթներով հարձակվել է տղամարդու վրա

Արջ
Տղամարդը սովորության համաձայն գնացել է ձոր` սիբեխ հավաքելու։ Երբ հասել է ջրի ափին, արջերը հարձակվել են նրա վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արագածոտնի մարզում` Օհանավանի ձորում, արջն իր 2 քոթոթներով հարձակվել է սիբեխ հավաքող տղամարդու վրա. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ տուժածը Օհանավան գյուղի բնակիչ, 68-ամյա Հայրապետ Հայրապետյանն է։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Սովորության համաձայն` գնացել էի էդ վայրում սիբեխ հավաքելու: Հասա ջրի ափին, արջը 2 քոթոթներով հարձակվեց վրես: Դիմադրում էի, լավ էր՝ դանակը ձեռքս էր, ճիշտ կողմնորոշվեցի ու պաշտպանվում էի անընդհատ: Կարողացա հարվածել արջի երախին, դրանից հետո մի քանի անգամ ճանկեց ոտքս, դոշս ու հեռացավ»,- պատմել է տղամարդը։

Քանի որ Հայրապետյանը թոշակառու է, բազմազավակ ընտանիքի հայր և սոցիալապես անապահով, Աշտարակի քաղաքապետարանը օգնության ձեռք կմեկնի նրան։
Ամասիայի անկոչ հյուրը. գարունը բացվել է, արջերն ակտիվացել են